Բուժաշխատողների էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովը պաշտոնական կայք ունի

Մարտի 19-ին տեղի ունեցավ Բուժաշխատողների մասնագիտական գործունեության էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովի պաշտոնական կայքի ներկայացման միջոցառումը:

Այն կազմակերպվել էր Հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ III ծրագրի համատեղ ջանքերով:
Ողջույնի խոսքով հանդես եկան Հանձնաժողովի նախագահ Իզաբել Աբգարյանը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆը և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ III ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանը:


Ներկայացվեց, որ այսուհետև, Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ mec.am կայքից, իսկ բուժաշխատողների կողմից կատարված մասնագիտական էթիկայի կանոնների հանձնաժողով ենթադրյալ խախտման վերաբերյալ դիմումները՝ ներկայացնել նաև առցանց եղանակով՝ մուտք գործելով կայքի Ներկայացնել դիմում բաժինը:
Առցանց դիմումների ներկայացման ընթացակարգը էականորեն դյուրացնում է դիմումների ներկայացումը՝ դիմումատուի համար անհրաժեշտ ուղղորդումների կարգ ապահովելու եղանակով:
Հանձնաժողովի նախագահ Իզաբել Աբգարյանը տեղեկացրեց նաև, որ Հանձնաժողովը գործնականում սկսել է դիմումներ ընդունել 2024 թվականի ապրիլից: Նախորդ տարվա ընթացքում էթիկայի կանոնների խախտման փաստը հաստատված է համարվել հինգ բուժաշխատողի մասով, ևս հինգի մասով դրանք չեն հաստատվել: Այդուհանդերձ, Հանձնաժողովի անդամները հավաստում են, որ գործունեության գլխավոր նպատակը ոչ միայն պացիենտների, այլ նաև բուժաշխատողների իրավունքների պաշտպանությունն է:


Հանձնաժողովի անդամները վստահ են, որ բուժաշխատողների մասնագիտական գործունեության էթիկայի կանոնների համապարփակ ներդրումը՝ համալիր այլ քայլերի զուգակցմամբ, բուժաշխատողների շրջանում բարեվարքության էական բարելավումների կբերի, կբարձրացնի պացիենտների իրազեկվածության և նրանց իրավունքների պաշտպանության մակարդակը:


Հրավիրված հանդիպմանը կարևորվեց նաև Հանձնաժողովի որոշումների հրապարակայնացումը, անձնական բոլոր կարգի տվյալների ծածկագրմամբ, որոնք կդառնան յուրահատուկ մեթոդական ուղեցույցներ բուժաշխատողների համար և կանխարգելիչ նշանակություն կունենան հնարավոր խախտումների համար:


Դրանով առանձին գործերի քննության նշանակությունն էականորեն կմեծանանա, քանի որ անհատական գործերը կհանգեցնեն վարքագծային նշանակալից փոփոխությունների:
Ինտերակտիվ` հարց-պատասխան ձևաչափում անցկացված միջոցառմանը անդրադարձ կատարվեց նաև Հանձնաժողովի կողմից գործերի քննությանը կարգին, առցանց դիմում ներկայանելու ընթացակարգին: Հանձնաժողովի անդամները պատասխանեցին մասնակիցներին հետաքրքրող հարցերին:


Նշենք, որ Բուժաշխատողների մասնագիտական գործունեության էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովի www.mec.am կայքը ստեղծվել է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ: