Հավելված 3 ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի նոյեմբեր «08»-ի թիվ 75-Ն հրամանի
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորում են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով ձևավորված բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող էթիկայի հանձնաժողովի (այսուհետ՝ էթիկայի հանձնաժողով) կողմից այդ խախտումների գործերով քննության, այդ թվում՝ դիմումների ընդունման, դրանց քննության կազմակերպման, անցկացման և որոշումների ընդունման հետ կապված հարաբերությունները:
2. Օրենքով նախատեսված կարգով բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտումների գործերով դիմումները քննում և որոշում կայացնում է էթիկայի հանձնաժողովը:
2. ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
3. Էթիկայի հանձնաժողովը դիմումները քննում է օրինականության, կողմերի իրավահավասարության, համաչափության սկզբունքների հիման վրա՝
1) ապահովելով փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը և
2) բացահայտելով գործի հանգամանքները:
4. Էթիկայի հանձնաժողովի անդամները պարտավոր են պահպանել դիմումի քննության ընթացքում իրենց հայտնի դարձած օրենքով գաղտնի համարվող տեղեկությունները: Էթիկայի հանձնաժողովի անդամները պարտավոր են պահպանել նաև դիմումի քննության ընթացքում իրենց հայտնի դարձած այլ տեղեկությունների, ինչպես նաև փաստաթղթերի բովանդակության և քննարկումների գաղտնիությունը՝ մինչև գործով համապատասխան որոշման հրապարակումը:
5. Յուրաքանչյուր գործով էթիկայի հանձնաժողովի անդամները ստորագրում են օրենքին համապատասխան շահերի բախման բացակայության կամ առկայության մասին հայտարարագիր՝ համաձայն հավելված 4-ի: Շահերի բախման առկայության մասին հայտարարագիր ստորագրած էթիկայի հանձնաժողովի անդամը չի մասնակցում դիմումի քննությանը և որոշման ընդունման գործընթացին:
3. ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
6. Էթիկայի կանոնների խախտման հետ կապված գործերը քննվում են՝
1) պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի նկատմամբ էթիկայի կանոնների ենթադրյալ խախտումների դեպքում՝ պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի դիմումի հիման վրա կամ,
2) մահացած պացիենտի նկատմամբ էթիկայի կանոնների ենթադրյալ խախտումների դեպքում՝ ընտանիքի անդամի (հայր, մայր, քույր, եղբայր, զավակ, ամուսին, որդեգրող ու որդեգրված) դիմումի հիման վրա կամ,
3) այն բուժաշխատողի դիմումի հիման վրա, ում նկատմամբ տեղի է ունեցել մեկ այլ բուժաշխատողի կողմից էթիկայի կանոնների ենթադրյալ խախտումը կամ,
4) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության իրավասու անձի դիմումի հիման՝ իր հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող բուժաշխատողի կողմից էթիկայի կանոնների ենթադրյալ խախտման դեպքում կամ,
5) Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվող պետական վերահսկողության շրջանակներում հայտնաբերված էթիկայի կանոնների ենթադրյալ խախտման հիմքով ներկայացված դիմումի հիման վրա կամ,
6) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ օրենքով նախատեսված իրեն լիազորությունները իրականացնելիս հայտնաբերված էթիկայի կանոնների ենթադրյալ խախտման հիմքով ներկայացված դիմումի հիման վրա կամ,
7) սեփական նախաձեռնությամբ ընդունված որոշմամբ` զանգվածային լրատվության միջոցներով հայտնի դարձած տեղեկատվության հիման վրա:
7. Սույն կարգի 6-րդ կետի 1-6-րդ ենթակետերով նախատեսված դիմումները ներկայացվում են գրավոր: Դիմումները կարող են ներկայացվել, եթե ենթադրյալ խախտման օրվանից չի անցել մեկ օրացուցային տարի: Դիմումը պարտադիր պարունակում է՝
1) դիմումի հասցեատիրոջ անվանումը.
2) դիմում ներկայացնողի անուն, ազգանունը (պացիենտի օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի կամ ընտանիքի անդամի դեպքում՝ նաև պացիենտի անուն, ազգանունը), իսկ սույն կարգի 6-րդ կետի 5-րդ, 6-րդ ենթակետերի դեպքում՝ մարմնի անվանումը.
3) սույն կարգի 6-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ ենթակետերով նախատեսված անձանց դեպքում՝ դիմումատուների բնակության վայրի հասցեն, բջջային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցե (առկայության դեպքում), իսկ 5-րդ, 6-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում մարմնի գտնվելու վայրի հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.
4) ենթադրյալ խախտում կատարած բուժաշխատողի անուն ազգանունը, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության անվանումը բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի համարը, տրման օրը, ամիսը, տարին և գործունեության վայրը, և որտեղ իր մասնագիտական գործունեությունը ծավալում է էթիկայի կանոնի ենթադրյալ խախտում կատարած բուժաշխատողը.
5) էթիկայի կանոնի ենթադրյալ խախտման բովանդակությունը, կատարման օրը ամիսը, տարին և էթիկայի կանոնը սահմանող համապատասխան նորմատիվ իրավական ակտի վավերապայմաններից՝ ընդունող մարմնի անվանումը, հերթական (գրանցման) համարը, ընդունման տարին, ամիսը, օրը.
6) դիմում ներկայացնողի ստորագրությունը.
7) ներկայացման օրը, ամիսը, տարին:
(7-րդ կետը լրաց. 08. 01. 24 N 01-Ն)
8. Դիմումին՝
1) կարող են կցվել էթիկայի կանոնի ենթադրյալ խախտմանը առնչվող փաստաթղթեր կամ այլ նյութեր,
2) կցվում է օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը, եթե դիմումը ներկայացվել է ներկայացուցչի կողմից:
9. Դիմումը կարող է ներկայացվել փոստով կամ առձեռն՝ «Էթիկայի հանձնաժողովին» վերտառությամբ փակ ծրարով, ընդ որում, ներկայացնելիս ծրարի վրա պարտադիր նշվում են դիմումատուի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարը, իսկ առկայության դեպքում՝ նաև էլեկտրոնային փոստի հասցեն:
(9-րդ կետը խմբ. 08. 01. 24 N 01-Ն)
10. Սույն կարգի 6-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված որոշման մեջ պարտադիր նշվում են սույն կարգի 7-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված պահանջները, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցի, էթիկայի կանոնի ենթադրյալ խախտման հրապարակման օրը, ամիսը, տարին:
4. ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆԻ ԽԱԽՏՄԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Էթիկայի կանոնի խախտման հետ կապված դիմումի վերաբերյալ տվյալները, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հունիսի 2-ի N 2772-Լ հրամանի համապատասխան, մուտքագրվում են լիազոր մարմին, որն առանց ծրարը բացելու, այն տրամադրում է էթիկայի հանձնաժողովին՝ դիմումին սույն կարգին համապատասխան ընթացք տալու նպատակով:
(11-րդ կետը խմբ. 08. 01. 24 N 01-Ն)
12. Դիմումը էթիկայի հանձնաժողովին սույն կարգին համապատասխան տրամադրվելու օրվանից, իսկ սեփական նախաձեռնությամբ գործի քննությունն սկսելու դեպքում, որոշումն ընդունելու օրվանից, էթիկայի կանոնի խախտման գործով քննության վարույթը համարվում է հարուցված:
13. էթիկայի հանձնաժողովը էթիկայի կանոնի խախտման գործով քննության վարույթը հարուցվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝
1) լիազոր մարմնի քարտուղարության միջոցով «Փոստային կապի մասին» օրենքով սահմանված կարգով, իսկ էլեկտրոնային փոստի առկայության դեպքում՝ նաև էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցում է՝
ա. այն բուժաշխատողին, ում դեմ ներկայացվել է դիմումը.
բ. այն անձին կամ մարմնին, որը ներկայացրել է դիմումը:
(13-րդ կետը փոփ. 08. 01. 24 N 01-Ն)
14. Առաքվող ծանուցման մեջ պարտադիր նշվում է (տեղեկացվում է) նաև լսումների իրականացնելու օրը, ամիսը, տարին, ժամը և վայրը:
15. Եթե դիմումի հիման վրա էթիկայի կանոնի խախտման գործի քննության վարույթ հարուցելուց հետո պարզվում է, որ ներկայացված դիմումը չի համապատասխանում սույն կարգի 7-րդ կետով սահմանված պահանջներին, ապա դիմում ներկայացնողը, ծանուցվում է թերությունները շտկելու անհրաժեշտության մասին, որի ժամկետը, պատշաճ ծանուցվելուց հետո,
3 աշխատանքային օր է: Մատնանշված թերությունները շտկելու դեպքում, գործի քննության վարույթը համարվում է հարուցված՝ շտկված փաստաթղթերը սույն կարգի 11-րդ կետով սահմանված կարգով էթիկայի հանձնաժողովին տրամադրելու օրվանից: Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում էթիկայի կանոնի խախտման գործով քննության վարույթն էթիկայի հանձնաժողովի որոշմամբ կարճվում է: Այս դեպքում դիմում ներկայացնողը կարող է նոր դիմում ներկայացնել ընդհանուր հիմունքներով:
(15-րդ կետը խմբ. 08. 01. 24 N 01-Ն)
16. էթիկայի կանոնի խախտման գործով քննության վարույթն իրականացվում է և որոշումն ընդունվում է այն հարուցելու օրվանից առավելագույնը 20 աշխատանքային օրվա ընթացքում: էթիկայի կանոնի խախտման գործով քննության վարույթն կարող է երկարաձգվել մեկ անգամ 20 աշխատանքային օր ժամկետով, եթե՝
1) այլ մարմիններից կամ կազմակերպություններից կամ մասնագետից չեն ստացվել անհրաժեշտ փաստաթղթեր կամ եզրակացություններ, որոնք անհրաժեշտ են էթիկայի կանոնի խախտման գործի քննության արդյունքով եզրակացության ընդունման համար կամ
2) արձակուրդում կամ ժամանակավոր աշխատունակության մեջ կամ օտարերկրյա պետությունում գտնվելու հիմքով չի լսվել այն անձը, որի ներկայացրած պարզաբանումները նշանակություն ունեն էթիկայի հանձնաժողովի կողմից եզրակացություն ընդունելու համար կամ
3) էթիկայի կանոնի խախտման գործով քննության ենթակա հարցերը մեծածավալ են կամ բարդ և հնարավոր չէ դրանք ներառող հանգամանքների լրիվ, բազմակողմանի հետազոտումը սույն կարգով սահմանված ժամկետում։
(16-րդ կետը խմբ. 08. 01. 24 N 01-Ն)
17. էթիկայի կանոնի խախտման գործով քննության վարույթը իրականացվում է նիստերի միջոցով, որոնց ընթացքում էթիկայի հանձնաժողովը իր անդամների միջոցով ուսումնասիրում է գործի հանգամանքները, փաստաթղթերը և նյութերը՝ առկայության դեպքում, կազմակերպում լսումներ:
18. էթիկայի կանոնի խախտման գործով քննության վարույթում որպես ապացույց գնահատվում են գործում առկա բացատրությունները, պարզաբանումները, փաստաթղթերը, այլ նյութերը: Ապացուցման պարտականությունը`
1) իր համար բարենպաստ հանգամանքների առկայության մասով կրում է այն բուժաշխատողը, ում դեմ ներկայացվել է դիմումը.
2) բուժաշխատողի համար անբարենպաստ հանգամանքների առկայության մասով՝ դիմում ներկայացնողը:
19. էթիկայի կանոնի խախտման գործով քննության վարույթին հրավիրվում և լսվում են`
1) Էթիկայի կանոնի ենթադրյալ խախտում կատարած բուժաշխատողը, ում դեմ դիմում է ներկայացվել կամ նրա լիազորած անձը.
2) դիմում ներկայացնողը կամ նրա լիազորած անձը.
3) գործին առնչվող այլ անձինք՝ էթիկայի հանձնաժողովի որոշմամբ:
20. Էթիկայի հանձնաժողովը պարտավոր է Էթիկայի կանոնի ենթադրյալ խախտում կատարած բուժաշխատողին մինչև լսումների օրը, տրամադրել ողջամիտ ժամկետ, բայց ոչ պակաս, քան 3 աշխատանքային օր, իր բացատրությունները, պարզաբանումները, առկայության դեպքում՝ նաև փաստաթղթերը և այլ նյութերը հանձնաժողովին գրավոր կարգով ներկայացնելու համար:
21. Լսումները իրականացվում են ինչպես հարց ու պատասխանի, այնպես էլ բացատրությունների, պարզաբանումների ներկայացման ձևով: Լսումներին մասնակցող անձանց միջնորդությամբ լսումները կարող են իրականացվել առանձին-առանձին: Լսումներին մասնակցելուց հրաժարվելը չի կասեցնում գործով որոշում կայացնելը: Էթիկայի հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումները ձայնագրառվում են՝ գործի մասնակիցների նախօրոք պաշտոնական տեղեկացմամբ:
21.1 էթիկայի կանոնի խախտման գործի քննության ընթացքում բժշկական օգնության և սպասարկման ոլորտի մասնագիտական հարցերի վերաբերյալ գրավոր եզրակացություն տրամադրելու նպատակով էթիկայի հանձնաժողովի որոշմամբ և դրա կողմից առաջադրված հարցերի շրջանակում գործի քննությանը կարող է ներգրավվել մասնագետ։ Մասնագետը էթիկայի կանոնի խախտման գործի քննության արդյունքներով չշահագրգռված, բժշկական օգնության և սպասարկման ոլորտում հատուկ գիտելիքներ ունեցող գործունակ ֆիզիկական անձ է, որն ունի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքին համապատասխան կրթություն, որակավորում և օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է մասնագիտական գործունեության և շարունակական մասնագիտական գործունեության հավաստագիր:
(21. 1-ին կետը լրաց. 08. 01. 24 N 01-Ն)
21.2 Մասնագիտական հարցերի վերաբերյալ գրավոր եզրակացություն տրամադրելու նպատակով էթիկայի հանձնաժողովը մասնագետին տրամադրում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան ապանձնավորված տեղեկություններ, այն է՝ պացիենտի առողջական վիճակի կամ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար դիմելու կամ ստանալու մասին, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ընթացքում պարզված այլ տվյալներ։
(21. 2-րդ կետը լրաց. 08. 01. 24 N 01-Ն)
21.3 Մասնագետի գրավոր եզրակացությունը կազմված է նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ (եզրահանգումներ պարունակող) մասերից։ Մասնագետի եզրակացության մեջ նշվում է նրա անունը, ազգանունը, ստորագրությունը և կազմման օրը, ամիսը տարին։
(21. 3-րդ կետը լրաց. 08. 01. 24 N 01-Ն)
5. ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
22. Դիմումի քննության արդյունքում, էթիկայի հանձնաժողովը ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) քրեական կամ վարչական պատասխանատվություն նախատեսող առերևույթ արարքներ հայտնաբերելու դեպքում կամ մասնագիտական էթիկայի կանոնների խախտման բացակայության հիմքով՝
ա. մերժել դիմումը կամ
բ. դադարեցնել գործի քննությունը սեփական նախաձեռնությամբ գործի քննությունն սկսելու դեպքերում
2) օրենքով քրեական կամ վարչական պատասխանատվություն չնախատեսող մասնագիտական էթիկայի կանոնների խախտման հաստատման դեպքում՝
ա. լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն առաջին անգամ խախտում կատարած բուժաշխատողին նկատողություն տալու վերաբերյալ,
բ. մեկ տարվա ընթացքում կրկին բուժաշխատողի կողմից մասնագիտական էթիկայի կանոնի խախտում կատարվելու դեպքում լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն բուժաշխատողին խիստ նկատողություն տալու վերաբերյալ,
գ. մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ բուժաշխատողի կողմից մասնագիտական էթիկայի կանոնի խախտում կատարվելու դեպքում լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն՝ կասեցնել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի լիցենզիան միայն տվյալ բուժաշխատողի մասով՝ մեկ ամիս ժամկետով՝ հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը:
23. էթիկայի հանձնաժողովի որոշումներն ընդունվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում են լիազոր մարմնին և առաքվում դիմում ներկայացրած անձին կամ մարմնին, ինչպես նաև այն բուժաշխատողին, ում դեմ ներկայացվել է դիմումը և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությանը, որտեղ աշխատում է բուժաշխատողը: Դիմում ներկայացրած անձին կամ մարմնին, ինչպես նաև բուժաշխատողին էթիկայի հանձնաժողովի որոշումների առաքումն իրականացնում է լիազոր մարմնի քարտուղարության միջոցով՝ «Փոստային կապի մասին» օրենքով սահմանված կարգով:
(23-րդ կետը խմբ. 08. 01. 24 N 01-Ն)
24. Էթիկայի հանձնաժողովի որոշումները ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմողի կամ բուժաշխատողի կողմից կարող են գրավոր բողոքարկվել էթիկայի հանձնաժողովին, որի ընթացքում որոշման կատարումը կասեցվում է: Բողոքը քննվում է այն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Բողոքարկման արդյունքում հանձնաժողովը`
1) բավարարում է բողոքը` բեկանելով որոշումը և ընդունելով նոր որոշում, կամ
2) որոշումը թողնում է անփոփոխ:
25. Բողոքը պետք է պարունակի`
1) հանձնաժողովի անվանումը, որին ներկայացվում է բողոքը.
2) բողոք բերող անունը, ազգանունը, նրա հաշվառման վայրը, իսկ պետական մարմնի դեպքում` մարմնի անվանումը, գտնվելու վայրը, նրա անունից բողոք բերող անձի անունը, ազգանունը և պաշտոնը.
3) բողոքարկման առարկան.
4) բողոք բերողի պահանջը.
5) բողոքին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.
6) բողոքը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.
26. Բողոքարկման արդյունքում էթիկայի հանձնաժողովի կողմից կայացված որոշումները վերջնական են և ուժի մեջ են մտնում ընդունման պահից, բացառությամբ սույն կարգի 22-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքերի, որոնք կարող են բողոքարկվել դատական կարգով:
27. Էթիկայի հանձնաժողովի վերջնական որոշման ընդունումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում էթիկայի հանձնաժողովի քարտուղարը համաձայն Ձև 1-ի վարվող թղթային գրանցամատյանում գրառում է կատարում էթիկայի կանոնի խախտում կատարած բուժաշխատողի վերաբերյալ: Յուրաքանչյուր օրացուցային տարվա համար վարվում է առանձին գրանցամատյան: Գրանցամատյանը կարող է վարվել նաև էլեկտրոնային տարբերակով՝ էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում:
6. ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
28. Էթիկայի հանձնաժողովի որոշումները պետք է բխեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և էթիկայի հանձնաժողովին վերաբերող իրավական ակտերի պահանջներից ու պետք է բաղկացած լինեն նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից: Էթիկայի հանձնաժողովի որոշումներում օրենքով պահպանման ենթակա անձնական տվյալներն ենթակա են ապանձնավորման:
29. Էթիկայի հանձնաժողովի որոշումները հանձնաժողովի անունից ստորագրում է հանձնաժողովի նախագահը: Հատուկ կարծիք ունեցող անդամի կարծիքը կցվում է որոշմանը:
30. Էթիկայի հանձնաժողովի որոշումների համարակալումը յուրաքանչյուր օրացուցային տարվա համար սկսվում է հունվարի 1-ից և ավարտվում դեկտեմբերի 31-ին: Որոշումների համարները բաղկացած են գծիկով առանձնացված 8 նիշից, որտեղ առաջին երկու նիշը հանձնաժողովի անվանման հապավումն է՝ ԷՀ - էթիկայի հանձնաժողով, հաջորդող երկու նիշերը՝ օրացուցային տարվա վերջին երկու թվերն են (օրինակ՝ 2022 թվականի համար՝ 22), դրանց հաջորդ նիշերը՝ հերթական նիստի համարը (օրինակ` 2022 թվականի առաջին նիստի համար՝ 01), վերջին երկու նիշերը տվյալ նիստի ընթացքում ընդունված որոշման համարը (օրինակ՝ 01):
31. Սույն կարգի համաձայն Էթիկայի հանձնաժողովի որոշումներն ընդունվելուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում թղթային եղանակով Էթիկայի հանձնաժողովի քարտուղարի կողմից գրանցվում են սույն կարգի Ձև 2-ին համապատասխանող գրանցամատյանում:
32. էթիկայի հանձնաժողովի որոշումներն ընդունելուց տասնօրյա ժամկետում կազմվում են անհատական գործեր, որում ներառվում են գործով դիմումը կամ որոշումը ներկայացված փաստաթղթերը, նյութերը, նիստերի, ներառյալ լսումների ձայնագրությունների, կայացված որոշումը, բերված բողոքը, դրա արդյունքում կայացված որոշումը, որոնք պահպանվում են 5 տարի ժամկետով: